2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով ևս 3 մեղադրյալի վերաբերյալ գործը դատարանում է։
Ամբաստանյալներից երկուսին մեղսագրվում է նաև պատերազմի ժամանակ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու արարք: 1lurer.am-ի հետ զրույցում նշել է ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալիկ Ստեփանյանը։
Մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում անկարգություններ սկսվեցին: Հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը: Ազգային ժողովի մոտակայքում մահափորձ իրականացվեց այն ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ։
«Նրանց նկատմամբ դատարանի կողմից նշանակվել էր ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, պաշտպանի կողմից դատարանի դատավճռի դեմ բերվել էր Վերաքննիչ բողոք՝ խնդրելով պատիժը պայմանականորեն չկիրառել կամ նշանակել օրենքով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ: 2021 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը բավարարեց մասնակի, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվեց, մասնավորապես՝ նրանց նկատմամբ նշանակվեց օրենքով նախատեսված պատժից ավելի ցածր պատիժ՝ 2 տարի ժամկետով:
Հիմնական մուտքի ճանապարհը եղել է կենտրոնական մուտքով, այսինքն՝ Պռոշյան փողոցի կողմից: Զանգվածային անկարգության մասնակիցները եղել են բազմաթիվ, դարպասների վրայով են անցել և արդեն ներսից բացել են դարպասները, որի հետևանքով հնարավոր է եղել զանգվածային անկարգության մյուս մասնակիցների մուտքը վարչապետին հատկացված կեցավայր:
Դատարանի կողմից որպես մեղամացնող հանգամանք հաշվի են առնվել ամբաստանյալի խնամքի տակ դատավճիռ նշանակելու պահին մինչև 14 տարեկան 2 երեխայի առկայությունը»,-նշել է Ստեփանյանը։
Մեկ այլ քրեական գործով զանգվածային անկարգությունների երեք մասնակցի նկատմամբ ևս դատաքննությունն ավարտվել է, դատարանի կողմից նրանց նկատմամբ նշանակվել է ազատազրկում երեք տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ երեքի նկատմամբ էլ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
« Այս դեպքում դատարանի կողմից հաշվի են առնվել, որ ամբաստանյալներից երկուսը կին են, մեկը պատիժ նշանակելու պահին հղի վիճակում էր գտնվում, մեկի խնամքին կար անչափահաս երեխան, իսկ երրորդ ամբաստանյալն անչափահաս էր։
Այս պահին նախաքննությունը շարունակվում է, կազմակերպիչների մասով դեռ դատարան ուղարկված գործեր չկան:
Ուսումնասիրությունների արդյունքում հակաիրավական արարքներ, բռնարարքներ կամ այլ հակաիրավական արարքներ կատարելու պահին առանձնացվել, ֆիքսվել են շուրջ 144 անձինք, այդ անձանց ինքնությունը պարզելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից շուրջ 5 օպերատիվ հետախուզական միջոցառում ձեռնարկելու հանձնարարություն է տրվել Ազգային անվտանգության ծառայությանը»,-նշել է Ստեփանյանը։
Դատախազը եզրափակում է՝ գործով կատարվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ անկարգության կազմակերպիչներին, մասնակիցներին պարզելու համար։