Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ,որոնցից գրանցվել են 130-ը, մեկ կուսակցության գրանցումը մերժվել էր, 1 կուսակցության գրանցումը ճանաչվել էր անվավեր։