Ապօրինի գույքի բռնագանձման գործով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Այս մասին տեսանյութով կիսվել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ըստ տեղեկության՝ կալանք է դրվել Պաշտպանության նախկին նախարար, ներկայում ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրա մերձավորի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, որդու, դստեր ձեռք բերած գույքի վրա։
Նրանք հրավիրվել են դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես ո՞ր գույքերի մասին է՝ չի մանրամասնվում։
Դատախազությունն ուսումնասիրում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինակավնության վերաբերյալ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Քաղաքացիական դատարան՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Ավելի վաղ գործ էր ուղարկվել նաև ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանի և նրա մերձավորների հետ առնչվող գույքի հետ կապված։