Խորհրդարանը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ նախորդ գումարման խորհրդարանն ընդունել է ծանր վիրավորանքների քրեականացման մասին օրենքի նախագիծը, որն արդեն գործում է։
«Տվյալ օրենքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել։ Իրականում այս օրենքի ընդունման նպատակն էր սահմանափակել հրապարակային ելույթները, խոսքի ազատությունը, քննադատությունը հատկապես պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման միջոցով»,- ասաց Վարդանյանը։
Ըստ պատգամավորի՝ սա օրենք է մեկ մարդու դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու միջոցով քրեական գործեր հարուցելու համար։
«Վստահ եղեք, որ վարույթում են գտնվում գործեր, որոնք վերաբերում են միայն այդ մեկ մարդուն։ Ընդդիմության հասցեին նման արտահայտությունների դեպքում որևէ իրավական հետևանքներ չկան»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ Հայաստանը հետընթաց է ապրում ժողովրդավարության առումով։