Եթե խոսենք իրավական հարթակի մասին, ապա գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ դրանք այս պահին էլ շարունակվում են։ Նա նշեց, որ զուգահեռաբար ՄԻ եվրոպական դատարանում շարունակվում են աշխատանքները և վերջերս գերեվարված անձանց մասով պահանջ էր ներկայացվել և ընդամենը երկու օր առաջ ներկայացվել են նոր ապացույցներ, որոնք վերաբերում են Ադրբեջանում պահվող գերիների մասին մանրամասն տեղեկություն ներկայացնելու հարցին։
Խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությանը, որ Ադրբեջանում իր համար հայ գերի չկա, նրանք դասալիքներ են, ապա Կիրակոսյանն ասաց, որ հայտարարություններն, իհարկե, կարող են ազդեցություն ունենալ գերիների վերադարձի վրա, սակայն աշխատանքները շարունակվում են։
Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ի ներկայացրած պահանջները մեծամասամբ բավարարված են։ Դատարանը մի քանի շեշտադրումներ է արել կայացած որոշման մեջ։ Դրանցից մեկը գերեվարված անձանց նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանումն է, որը ենթադրում է անհապաղ հայրենադարձում։
Նշենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոցներ կիրառելու մասին դեկտեմբերի 7-ին որոշում էր կայացրել։ Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան էր դիմել դեռ սեպտեմբերի 16-ին՝ ներկայացնելով հայցադիմում ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության՝ հիմնվելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի դրույթների վրա։ Հայտնի է, որ դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակեց իր որոշումները։