Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրանքով, դեկտեմբերի 11-ին ներկայացել է ոստիկանություն: Այս մասին այսօր տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից:
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն»,- հայտնում են ոստիկանությունից:
Սոնա Շահգելդյանի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Շահգելդյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ:
Շրջանառվող լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր երգչուհին՝ ըստ էության չհերքելով դրանք: Նա գրել էր, որ ինչ ասես անում են շատերը, չեն հետախուզում: «Մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել: Աստծուց վախեցեք»,- գրել էր նա եւ հավելել, որ չգիտեն ինչ անել, հիմա էլ ընկել են իր հետեւից: