ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։
Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում։ Նա ասաց, որ վճռաբեկ բողոքն արդեն կազմվել և ուղարկվել է դատարան, սակայն տեղյակ չէ՝ ստացել են, թե ոչ։
«Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների»,- ասաց Բաղդասարյանը։
Նշենք, որ վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով արդարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու մասին դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն տվյալ հոդվածը հակասահմանադրական էր ճանաչել, որի արդյունքում դատարանն արդարացրել էր մեղադրյալներին։ Գլխավոր դատախազությունը պահանջում է մեղադրանքը վերաորակավորել։