Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները բերման են ենթարկել Ռոսռեեստրի (Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայություն) Սանկտ Պետերբուրգի վարչության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել քաղաքի ռեստորաններից մեկում։
Հետաքննության տվյալներով՝ նախկին պաշտոնյան հանցավոր խումբ է կազմակերպել, էժան շինանյութի անվան տակ տեխնիկա է ներմուծել Ռուսաստանի տարածք։ Հանցավոր խմբի գործունեությունից հասցված վնասը գնահատվում է գրեթե 1 մլն ռուբլի։
Ձերբակալությունից հետո Բորիս Ավագյանը տնային կալանքից փախել է Ֆրանսիա։ Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է Հայաստան, որտեղ զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալության ժամանակ Բորիս Ավագյանը ռեստորանում է գտնվել ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի նախկին պետ Իգոր Օլեյնիկովի ընկերակցությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բորիս Ավագյանը եղել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից։ Նրան աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ Երևանում մասնակցել է ԱԺ քննարկմանը, որտեղ մեղադրել է Հայաստանի իշխանություններին հայ ռազմագերիների վերադարձի հարցում անգործության մեջ։
Աշխատանքից ազատման հրամանի համաձայն՝ Ավագյանը բարձրագույն ղեկավարությանը չի տեղեկացրել միջոցառմանը մասնակցելու մասին և ծառայության անունից խոսել է իր լիազորություններից դուրս թեմաների մասին։