Անթույլատրելի է հրապարակային դաշտում խոսել գերիների նկատմամբ քրեական հետապնդումների մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հայրենադարձված գերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին։
Նրա կարծիքով՝ իրավական և բարոյական առումով նրանց կալանավորելու հիմքեր գոյություն չունեն։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ գերիները վերադառնում են խոցելի վիճակում, ընտանիքները գտնվում են բարոյական, նյութական ծանր վիճակում։
«Չեմ կարծում, որ իրատեսական է այս անձանց կողմից վարչական ռեսուրսներ իրացնող սուբյեկտների գործունեությանը միջամտելը։ Անկախ իրենց մեղսագրվող արարքներից՝ նրանք պետք է մնան ազատության մեջ, նրանց նկատմամբ պետք է այլ խափանման միջոցներ կիրառվեն և հանգամանալից քննության արդյունքում կարող ենք խոսել, թե ինչ արարքներ են կատարվել, դրանք հիմնավոր են, թե ոչ»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Սահակյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ վերադարձած գերիներին ձերբակալում են, խոշտանգում են և ստանում են Հայաստանին արժանի ցուցմունքներ, և իրականում այդ անձինք ոչ թե խոշտանգվել են, այլ ՀՀ իշխանությունների սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ՝ խոշտանգումների մասին։
Նրա խոսքով՝ այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է շատ զգույշ լինել։
«Ադրբեջանը շահարկելու է այս հանգամանքը։ Ադրբեջանը հայտարարել է, որ իրենք վերադարձնում են հայ ռազմագերիներին, մինչդեռ այստեղ իրենց ձերբակալում են, խոշտանգում են։ Այս հայտարարությունը երկարաժամկետ է, կարճ ժամանակ անց միջազգային ատյաններում կարող ենք տեսնել, թե ինչպես են կասկածի տակ դրվում գերիների ցուցմունքները քննչական մարմիններին, որտեղ նրանք հայտնել են խոշտանգումների մասին»,- նկատեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձած տասը գերիներից հինգին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հոդվածով։
Հայաստան վերադարձված գերիներից 4-ը պայմանագրային զինծառայողներ դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հոդվածով։ Այս արարքը պատժվում է երեքից ութ տարի ազատազրկմամբ։