Աբսուրդն այն ճիշտ բառն է, որով պետք է նման իրավիճակը նկարագրել։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ մենաբանելով Արմեն Գևորգյանի միջնորդության մասին դատախազության առարկությունները:
Նրա կարծիքով՝ այս երկրի պարտականությունն է հնարավորություն ստեղծել, որ պատգամավորը մասնակցի ԵԽԽՎ նիստերին։ Ինչպես հայտնի է՝ նախկինում նրան թույլ չեն տվել երկիրը լքել և մասնակցել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին։ Այժմ միջնորդություն է ներկայացվել 2022 թվականի նիստերին մասնակցելու համար երկրից բացակայելու հնարավորություն տալ։
Դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանին խնդրեց զերծ մնալ վիրավորական արտահայտություններից՝ մասնավորապես «անհեթեթ, աբսուրդի հասնող» ձևակերպումներից, որին ի պատասխան Քոչարյանն ասաց, որ իրեն իսկապես ապշեցնում է ՍԴ-ի որոշումն այս աստիճան աբսուրդի հասցնելը։
Նշենք, որ դատախազն առարկեց Արմեն Գևորգյանի միջնորդությանը, ինչպես նաև նրա պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությանը՝ դատական սպասվող նիստը հետաձգել այլ դատական նիստերի մասնակցելու նպատակով։
Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն այս պահի դրությամբ ոչ ամբողջական տեղեկատվությունն է տրամադրել։ Խոսքը ԱԺ նախագահի գրության մասին է, որտեղ պետք է նշվեն ՀՀ-ից մեկնելու և վերադառնալու հստակ ամսաթվերը։ Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև այդ տեղեկատվության ստանալը։
Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ, և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3, իսկ Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։