Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում` նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր քննվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությունը։
«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակի վաղը՝ 11։00-ին։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել էին ՀՔԾ-ից: