ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է հետևյալը.
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված 13.172 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դեռևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանձնարարել է կատարել Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմվելիք հողամասի նոր հատակագծով դպրոցի տարածքում չներառել և դուրս թողնել 3693,12 քմ մակերեսով՝ դպրոցին պատկանող հողակտորը:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, անտեսելով, որ դպրոցի զբաղեցրած հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետի 02.12.2002թ. թիվ 2448-Ա որոշման հիման վրա հաստատված թիվ 2365-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, կատարելով պաշտոնական կեղծիք՝ համապատասխան եզրակացության մեջ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ. այն է՝ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշել են, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի կրկնակի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9478,88 քմ:
Հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, արդեն իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ հաստատվել է նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող, Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի 13.172 քմ մակերես ունեցող հողամասը արհեստականորեն նվազեցվել է 3693,12 քմ մակերեսով:
Այնուհետև, Տարոն Մարգարյանը դպրոցի հողամասի սահմաններից դուրս թողնված նշյալ մակերեսով հողատարածքից 3569,8 քմ մակերեսով, Մ. Բաբաջանյան փողոց 8/2 հասցեում գտնվող հողամասը 2012թ. հուլիսի 13-ի թիվ 5198-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում 22.659.900 ՀՀ դրամով հողամասը ձեռք բերած անձնավորությունն օրեր անց այն բաժանել է երկու հավասար հողամասերի և համապատասխանաբար 4 մլն և 3 մլն ՀՀ դրամով օտարել է Տարոն Մարգարյանի սանիկին, իսկ մյուսը հողակտորը՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած 6452,9 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածքներ, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ միասին, նախաձեռնել է հիշյալ կազմակերպության զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու գործընթաց:
Գործելով նախկին քաղաքապետի հանձնարարությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, նշված պաշտոնյաների գործողությունների արդյունքում ուսումնական հաստատության հողամասի մակերեսը նվազեցվել է 580,63 քմ-ով՝ պաշտոնական կեղծիքի արդյունքում կազմված եզրակացության մեջ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշելով, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քաղաքաշինական իրադրության փոփոխությունների արդյունքում մանկապարտեզի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5872.27 քմ՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 6452.9 քմ-ի փոխարեն:
Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված՝ վերոգրյալ մակերեսով հողատարածքից 575 քմ մակերեսով, Տիտոգրադյան 17/1 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013թ. հունվարի 15-ի թիվ 69-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը՝ 5.433.800 ՀՀ դրամով ձեռք է բերել իր ընտանիքի մտերիմը՝ Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը:
Ավելին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած հողատարածքից կրկին իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածք, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, վերոնշյալ նույն ընթացակարգով դարձյալ հանձնարարել է կատարել Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված հողամասի նոր հատակագծում ուսումնական հաստատության տարածքում չներառել և դուրս թողնել այս անգամ արդեն՝ 863,34 քմ մակերեսով հողակտորը:
Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված նույնքան մակերեսով, Տիտոգրադյան 17/3 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետի՝ 2014թ. հոկտեմբերի 15-ի թիվ 3885-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը 8.442.063 ՀՀ դրամով կրկին օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին:
Հետագայում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 27.02.2015թ. թիվ 495-Ա որոշմամբ, Տիտոգրադյան 17/1 և Տիտոգրադյան 17/3 հասցեներում գտնվող վերը նշված հողամասերը, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են վերոնշյալ ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող՝ Տիտոգրադյան 17 հասցեի հողատարածքին:
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների այս գործողությունների հետևանքով Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՈԱԿ-ին զրկելով փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից: