Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են անգլերենով արտահերթ զեկույց ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ՝ որպես մարդու իրավունքների երկարաժամկետ սպառնալիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Այս զեկույցն այն մասին է, որ հակամարտություններում մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության համար անհրաժեշտ է ազնիվ և վստահության վրա հիմնված երկխոսություն: Այդ երկխոսությունն առաջնահերթ անհրաժեշտ է հասարակությունների միջև՝ որպես խաղաղության երկարաժամկետ գրավական և կարևոր է, որպեսզի դրան պետությունները քաղաքական ուղղորդումներ կամ արհեստական միջամտություններ չանեն:
«Իրական խաղաղասիրության ճանապարհը ենթադրում է, որ քաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Գլխավոր գործոնն էլ հենց այն է, որ պետության չճանաչված լինելը կամ որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այդտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար:
Այս զեկույցը, ներկայացնելով Արցախին վերաբերող 1990-ական թվականներից սկսած տարբեր խաղաղաշինական նախաձեռնություններ, անդրադարձել է 2016-2017 թվականների Բաքու-Թբիլիսի պլատֆորմներին, որոնք ադրբեջանական կողմը նախաձեռնեց ադրբեջանական վայրագություններով ուղեկցվող ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այս նախաձեռնությունները հայտարարվել էին՝ որպես անկախ քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ, մինչդեռ դրանք կազմակերպվել և ուղղորդվում էին ադրբեջանական կառավարության ու մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից:
Բացի այն, որ այդ պլատֆորմներն անտեսում էին ազգային ինքնորոշման բնական իրավունքը, դրանք ամբողջությամբ արտահայտում էին միայն ադրբեջանական պետական քաղաքական գիծը: Ավելին, այդ նախաձեռնությունները Հայաստանի կամ Արցախի քաղաքացիական հասարակությունների հետ կապ չունեին, իսկ նրանցում մի շարք հայերի ընդգրկել էր ադրբեջանական կողմը, որոնք էլ աչքի էին ընկնում իրենց հայատյաց ելույթներով: Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական կառավարությունը շարունակում էր հայատյացության հովանավորչության պետական քաղաքականությունը:
Այն, որ այդ նախաձեռնություններն իրական խաղաղություն կառուցելու նպատակներ չունեին, չէին ներառում իրապես անկախ ՀԿ-ներ կամ գործիչներ և ուղղորդվում էին ադրբեջանական իշխանությունների կողմից, հաստատվում է այդ նախաձեռնության նախկին մի շարք հայ գործիչների հրապարակային հարցազրույցներով այն մասին, որ իրենց անունից արվել է կեղծ հայտարարություններ, ադրբեջանանպաստ հայտարարությունների համար ադրբեջանական կառավարությունը խոստացել է կաշառք (օրինակ՝ աշխատանք Գերմանիայում և այլն): Այս բոլոր դեպքերն արտահայտված են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցում:
Ավելին, զեկույցում տեղ են գտել նաև ադրբեջանական պետական գորխիչների ելույթներն ու հարցազրույցները, որոնք բացահայտում են նշված պլատֆորմներում ընդգրկված ՀԿ-ների ու գործիչների ուղղորդումն ու կախվածությունը ադրբեջանական իշխանություններից:
2016-2017թթ. Բաքու-Թբիլիսի պլատֆորմներն ամբողջությամբ անտեսում էին «Որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում և որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային հանրահայտ սկզբունքը։
Այդ նախաձեռնությունները, ըստ էության, սատարում էին ադրբեջանական տարիների պետական քաղաքականությունը, որը մշտապես ուղղված է եղել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելուն, մարդու իրավունքների միջազգային կառույցների, միջազգային փորձագետների ու լրատվամիջոցների մուտքը Արցախ ամեն գնելով խոչընդոտելուն:
Զեկույցը կազմել ենք ես և այդ ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը (Ruben Melikyan) 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, որը, սակայն, օբյեկտիվ պատճառներով ավարտին հասցնել կարողացանք միայն վերջերս»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում: