Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
Գործով դատական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ արտահայտվեց և արգելվեց նիստի տեսանկարահանմանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացվել։
«Դատավորն ամեն ինչի գնաց, այդ թվում՝ օրենքի աղավաղման, որ արդարացնի լիազորագրի բովանդակությունը։ Համարում ենք, որ եթե դատավորն այն աստիճանի է կաշկանդված վարչապետից, որ ակնհայտ խախտմամբ տրված լիազորագիրն ընդունում՝ աղավաղելով օրենքը, ապա ինքը չի կարող այս գործով օբյեկտիվ ձևով որոշում կայացնել»,- ասաց նա։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը հրապարակվել է հունվարի 13-ին՝ ժամը 11.30-ին։
Տեղեկացնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն, բացարկի միջնորդությունը մերժվել է։