Դատարանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կրկին թույլ չտվեց մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին՝ հերթական անգամ մերժելով այս առնչությամբ ներկայացված միջնորդությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշել է, որ հունվարի 23-29-ին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ զեկույց կներկայացվի։ Նա, որպես ընդդիմության ներկայացուցիչ, ընդգծել է իր ներկայության պարտադիր լինելու հանգամանքը:
Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ նշեց, որ հունվարի 25-ին դատական նիստ է նշանակված, մինչդեռ Գևորգյանը չի ապացուցել իր անձնական ներկայության հիմնավորվածությունը։ Ըստ այդմ՝ միջնորդությունը մերժվել է։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ևս դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին լքել երկիրը։ Այսպիսով, Գևորգյանը չկարողացավ մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գործով ներգրավված մեկ այլ անձ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: