Փաստաբան Արա Կարապետյանի միջնորդության հիման վրա տեղի է ունեցել զինծառայող Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստը։
Տեղեկացնենք, որ զինծառայող Արամյանը 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։
Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ զինծառայողի առողջական վիճակով պայմանավորված միջնորդություն են ներկայացրել դատարան խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։
Կարապետյանի խոսքով՝ ներկայացված բժշկական հետազոտությունները դատարանի ուշադրությանն արժանացան, և դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի անհրաժեշտ բժշկական հետազոտությունների արդյունքները։
Փաստաբանը չի կարծում, թե գերիների վերաբերյալ վարչապետ Նիյոլ Փաշինյանի և պետական մյուս պաշտոնյանների հայտարարությունները կարող են ազդել դատարանի որոշման վրա։
«Դատարանը դիտարկել է, որ Արամյանըմ ազատության մեջ մնալով, կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա։ Այդ ընթացքում կատարվել են առերես հարցաքննություններ»,- նշեց նա։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Արեն Արամյանը մեղադրվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ կասկածանքով։
Փաստաբանը համոզված է՝ դատաքննության փուլում Արեն Արամյանն արդարացվելու է, նա ոչ մի հանցավոր արարք չի կատարել, հակառակը՝ մարտի է բռնվել։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 16-ին Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղակայված 3 հայկական մարտական դիրքերի վրա հակառակորդի հարձակման հետևանքով տեղի ունեցած դեպքերից։
Ըստ հաղորդագրության` մարտական հերթապահությունում ընդգրկված դիրքի պատասխանատուն, դիրքի ավագն ու երկու դիտորդները խախտել են ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքը, մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։
Դիրքերի անձնակազմը թողել է մարտական դիրքերն ու դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր։ Փախուստի դիմած 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել ու գերեվարվել են։
Զինծառայող Արեն Արամյանը նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։
Փաստաբանը հայտնել է, որ Արեն Արամյանի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ աջ ազդոսկրի դրսային կոճի ներհոդային բազմաբեկոր կոտրվածքով, աջ քունքային շրջանի կարած վերք և խորհուրդ է տրվել շարունակել ծնկահոդի ֆիքսատրով անշարժացումը ևս մեկ ամիս, որից հետո վերականգնողական բուժում: Բուժումն, ըստ փաստաբանի, ՔԿՀ-ում հնարավոր չէ իրականացնել: