ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ մի քանի պարզաբանում ներկայացնելով հրթիռների ձեռքբերման մասին:
«1. Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին:
2. Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել:
3. Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որևէ կերպ չի ապացուցվել:
4. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում:
5. ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են):
6. Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան:
7. Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ»,- նշված է հայտարարության մեջ:
Դավիթ Տոնոյանը հրապարակային ձևով երախտագիտություն է հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց:
Հիշեցնենք՝ Տոնոյանը կալանավորված է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը․ նա կշարունակի մնալ կալանքի տակ: