Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում մեկնարկել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում սպասվում է Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխել այլ տեսակի խափանման միջոցով միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ աշխատակիցները բերման էին ենթարկել Աշոտ Մինասյանին՝ ՀՀ վարչապետի սպանությունը կազմակերպելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։
Հիշեցնենք նաև, որ Աշոտ Մինասյանի կալանավորելու միջնորդությունը մերժել էր Վերաքննիչ դատարանը։ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատախազը պնդել էր՝ Աշոտ Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետևաբար, նա, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: