Չնայած առողջակին վիճակին՝ նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։
Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց նրա փաստաբան Արա Կարապետյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արեն Արամյանը, սակայն, վերականգնողական բուժում կստանա։
«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քննել է գրավի միջնորդությունը և մերժել այն. հայրենադարձված ռազմագերու առողջական վիճակի վատթարացումը դատարանում նոր հանգամանք չի կարող դիտվել։ Դատարանն օրինաչափ որոշում չի կայացրել»,- մանրամասնեց փաստաբանը։
Նշենք, որ զինծառայող Արեն Արամյանը 2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։
Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Արեն Արամյանը մասնակցություն է ունեցել 2016 թվականի քառօրյա պատերազմին, 2020 թվականի հուլիսյան դեպքերին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար հրամանատարության կողմից ներկայացվել է պետական պարգևի։
Հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին դիմակայելով թշնամու գրոհներին՝ վարել է մարտական գործողություններ, որի ընթացքում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում ծնկի շրջանում, ինչից հետո թշնամին մոտեցել է ու ինքնաձիգի պոչով հարվածներ է հասցրել Արեն Արամյանի գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Հայրենիք վերադառնալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել։ Տասն օր անց Արեն Արամյանը դուրս է գրվել զինհոսպիտալից և անմիջապես ձերբակալվել։
Արեն Արամյանի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ աջ ազդոսկրի դրսային կոճի ներհոդային բազմաբեկոր կոտրվածքով, աջ քունքային շրջանի կարած վերք և խորհուրդ է տրվել շարունակել ծնկահոդի ֆիքսատրով անշարժացումը ևս մեկ ամիս, որից հետո վերականգնողական բուժում:
Ըստ փաստաբանի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեական գործով է անցնում զինծառայողը, ակնհայտ է, որ կալանքի տակ գտնվելն անհամատեղելի է նրա վիրավորմանն ու հետագա բուժմանը. նույնիսկ ոտքի վերջույթի ամպուտացման վտանգ կա։