Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քննիչը, չհամաձայնելով դատախազության հիմնավորումների և ցուցումների մի մասի հետ, առարկություններ է ներկայացրել։ Ներկայացված առարկությունների մասով դատախազությունն իր դիրքորոշումը կարտահայտի համապատասխան դատավարական փաստաթղթի միջոցով»,- նշեց Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ հաշվի առնելով, որ քննության մի մասով է քննչական մարմինը առարկություններ ներկայացրել, մյուս մասով, առնվազն, այդ գործը քննության առարկա պետք է հանդիսանա։
ՀՀ գլխավոր դատախազությունը հունվարի 18-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը հետ է վերադարձրել հակակոռուպցիոն կոմիտե:
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և չհիմնավորված էր համարել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի որոշումը։
«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- հայտնել են կոմիտեից։
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր: