ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք, հայտնում են կոմիտեից։
Վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար:
Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, որը հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ:
Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել: Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է հաշվարկ, համաձայն որի` իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն: Այն պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով, ինչպես նաև համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի, անապրանք փաստաթղթերի դուրս գրած և ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում շուրջ 170 մլն դրամ: