«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց։
Ռոբերտ Քոչարյանը դատական նստին չէր ներկայացել։ Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է, բուժում պետք է ստանա, որը, ամենայն հավանականությամբ, կտևի 10 օր։
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։
Հիշեցնենք, որ ըստ դատախազ Պետրոս Պետրոսյանի ընթերցած մեղադրական ճառի՝ Ռոբերտ Քոչարյանը 1998-ին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ մեղադրող կողմի համաձայն, մեղադրյալներին կարող է սպառնալ 7-12 տարվա ազատազրկում: