ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2022 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Այս մասին ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, նույն օրը Երևան քաղաքի հիշյալ փողոցում քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին մի խումբ անձանց հետ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: