Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստին ներկայացրեց լիովին նոր քրեակատարողական օրենքի նախագիծ։ Նրա պարզաբանմամբ՝ վերջին անգամ այսպիսի նախագիծ ընդունվել է 2004 թվականին, այսինքն՝ գործող օրենքն ունի մոտավորապես 20 տարվա հնություն, ինչի պատճառով կարիք ունի արդիականացնելու։
«Կան դեռևս խորհրդային տարիներից մնացած կարգավորումներ, որոնք այս օրենքսգրքով փոփոխվում են»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ փոփոխություններից մեկն այն է, որ վերակարգվում են ուղղիչ հիմնարկների տեսակները։ Դրանք նախկինում հետևյալն էին՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական «արհեստական» բաժանումներով, իսկ հիմա տեսակավորվելու է անվտանգության երեք աստիճաններով՝ ցածր, միջին և բարձր։
Բաշխումն իրականացվելու է կատարած հանցանքին համապատասխան ռիսկայնության աստիճանով։ Աստիճանը հետագայում կարող է փոխվել՝ վարքագծի հետ կապված, ինչը դաստիարակչական նշանակություն ունի դատապարտյալի համար։
Անդրեասյանի խոսքով՝ մեկ այլ կարևոր գործիքակազմ է ինքնավնասումների արդյունավետ կանխարգելումը։ Նոր մոդելը դրանք պետք է բացառի։ Ինչպես նախարարն ասաց՝ փորձարկվել է և պարզվել, որ աշխատող մոդել է։