Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը. այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
«Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են, օրինակ, հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհանրապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:
Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:
Բնականաբար, անհապաղ վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու: Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- մանրամասնել է Չալաբյանի պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
«Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը: