ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերմիներին:
Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին:
Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում են նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև այլ անձինք ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու:
Հանցավոր համագործակցության ղեկավարների և դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի գործածմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար, հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում: