ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն իրեն ոչ պատշաճ է պահել, իրեն շատ վատ է պահել, եթե ծնողները չխառնվեին, ծեծկռտուք էր լինելու։ Այս մասին Դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
«Դրանից բխող միջնորդություն ենք ներկայացնում, որ գործը տեղափոխվի ԱԱԾ։ Դավաճան, թուրք Փաշոյին հարցաքննելու, կալանավորելու պահանջով է եղել հանդիպումը։ Մենք ընդամենը պահանջել ենք նշվածի շուրջ օր ու ժամ հայտարարել։ Քյարամյանն անձնական վիրավորանքներ է հասցրել»,- ասաց զոհվածի հայրը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Նա նշեց՝ հույս ունեն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ճիշտ շարունակություն կտա գործին, քանի որ միակ պաշտոնյան էր, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ծնողների պահանջն արդար է։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին։ Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն անցկացվում է դռնփակ։