«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դատավարական գործընթացի վերաբերյալ վերջինիս փաստաբանների խումբը հերթական հայտարարությունն է տարածել։
«Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքը ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին, արդեն ոչ ավտոմատ համակարգով մակագրվել է այլ դատավորի:
Այսպես, երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք պարոն Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվել է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին: Դե ինչ, սա հերթական ապօրինությունն է, որին դեռ անդրադառնալու ենք:
Հ.Գ. Պարզապես այս պահին արձանագրենք մի բան, որ դատավորների վարկանիշավորման helpcourt համակարգում այս պահին երկրորդ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի կայացրած որոշման դեմ մեր բողոքը քննելու է նույն վարկանիշավորմամբ առաջին վատագույն ռեյտինգ ունեցող դատավորը»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ՀԱԱՀ-ի ուսանողներին ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու հանգամանքով։