Վերաքննիչ դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
«Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» հայցն ամբողջությամբ մերժվել է։ Դատարանի վճռով Հրայր Թովմասյանից հօգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի 10000 ՀՀ դրամ կբռնագանձվի որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված այն հարցին ի պատասխան, թե Հրայր Թովմասյանն իր դեմ հարուցված քրեական գործը գնահատել է որպես իր նկատմամբ քաղաքական հետապնդման դրսևորում, Նիկոլ Փաշինյանը «զարմացել է»՝ «տենց բա՞ն ա ասել», այնուհետև հայտարարել է հետևյալը. «Ասեմ ավելին՝ 2018թ. մայիսից սկսած, սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքան ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր:
Ավելի ուշ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետի ասուլիսին՝ պահանջելով, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ինքը 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է «իր ծառայությունները»։
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ վերևում նշված հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին facebook.com սոցիալական կայքի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել էր․
«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)», ինչից հետո՝ 2020 թվականի հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում տեղադրել է գրիչի լուսանկար և կատարել է այն մեկնաբանող հետևյալ բովանդակությամբ գրառումը․
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ։ Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:
Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:
Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:
Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: