Դատաիրավական բարեփոխումների առումով Արևելյան գործընկերության երկրների շարքում լինել առաջատար շատ կարևոր է: Այս մասին կառավարության հուլիսի 21-ի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես առանձնացնելով ընտրությունների անցկացման, կոռուպցիայի դեմ պայքարում, խոսքի ազատության ուղղությամբ կատարված աշխատանքի մասին գնահատականները: Այնուամենայնիվ՝ դատաիրավական բարեփոխումների առումով Հայաստանը, ըստ վարչապետի գնահատականի, էական հաջողությունների դեռ չի հասել: Նրա խոսքով՝ լավ է, որ ինքնաքննադատաբար են մոտենում հարցին, սակայն ոգևորիչ է միջազգային կառույցների կարծիքը, որ էական փոփոխություններ կան ՀՀ դատաիրավական բարեփոխումների մեջ:
Դատական բարեփոխումների մի հատվածը, ըստ վարչապետի, ուղղակիորեն կապված է թվային օրակարգի հետ: Միևնույն ժամանակ՝ միայն մեկ ոլորտում թվային հյամակարգի գործադրում հնարավոր չէ, քանի որ դրա իմաստը փոխգործելիությունն է:
«Մենք արձանագրեցինք, որ Հայաստանում կան բազմաթիվ թվայնացված պլատֆորմներ, թուղթը փոխարինել ենք ֆայլով, սակայն այն ֆունկցիոնալ չէ: Մենք չենք կարող այդ փաստաթղթի մեջ մեզ անհրաժեշտ բառ կամ անուն գտնել: Թվայնացված պլատֆորմի մեջ պետք է անել այն գործողությունը, ինչ թղթի վրա: Երկրորդը՝ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է այլ գերատեսչությունների՝ հասանելիություն չունեն այդ տեղեկատվությանը»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետը նշեց, որ թվային բարեփոխումների զգալի աշխատանք է սպասվում նոտարական ծառայությունների ոլորտում, դատական գործընթացներում: Վարչապետի խոսքով՝ ապագայում պետք է հասնել նրան, որ դատավարությունները տեղի ունենան գրավոր ընթացակարգերով, որպեսզի դատարան գնալու անհրաժեշտություն չառաջանա:
Մանրամասները՝ տեսանյութում: