ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 15-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հանձնարարությամբ այց են կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու, նրանց հիվանդասենյակների պայմանները, իրավունքների ապահովման վիճակին և այլ հարցերին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը։
Բժշկական կենտրոնների տնօրենների տեղեկացմամբ՝ տուժած քաղաքացիների բուժօգնությունը տրամադրվում է անվճար:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ տեղի ունեցած ողբերգական դեպքի, դրա առաջացման պատճառների, իրավասու մարմինների կողմից հնարավոր թերացումների, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավասու մարմիններից։
«Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա կդարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով։
Ցավակցությունս եմ հայտնում զոհերի ընտանիքներին, ընկերներին և հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացած մեր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: