ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանում ստեղծված իրավիճակում կլիներ լավագույն լուծումը, այստեղ հիմա նոր ու բազմազգ ներկայություն է պետք. «Լուրերի» տաղավարում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Այդուհանդերձ, այդ գործընթացն այսօր բարդ է պատկերացնել ու կանխատեսել՝ հաշվի առնելով գլոբալ քաղաքական իրողությունները»,- մանրամասնել է Կիրակոսյանը:
Կիրակոսյանի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի մեկ գերեվարված անձ, որի վերաբերյալ տվյալները ներկայացվել են միջազգային կառույցներին։ ՄԻԵԴ մեկ այլ դիմում կներկայացվի ադրբեջանական սադրանքի հետևանքով քաղաքացիական օբյեկտներին, կառույցներին հասցված վնասները։Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: