ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ որոշել է դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները։
Նա հայտնել է, որ պատճառները խորքային են և ինստիտուցիոնալ։
«Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։ Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ»,-նշել է նա՝ հավելելով, որ իր մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներին, պատկան մարմիններին։
Ըստ նրա՝ ցավոք վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, իր համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իր և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։
«Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։
Իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում»,-հայտարարել է նա։
Բեքմեզյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2019-ի հունիսին։