Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել ՀՀ, այնուհետ՝ ուղևորվել ՌԴ:
«Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և քննչական ու դատավարական այլ գործողություններ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ԱԱԾ-ն, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի:
Ավելի վաղ Armenia Today-ը բացառիկ մանրամասներ էր ներկայացրել Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդու մասին։ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր, որ ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները՝ Ղրիմի ահաբեկչության գործով։
Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ ՊԵԿ-ը ներկայացրել էր «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։