ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է դատարանի որոշումը և ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ է կիրառել: Այս մասին հայտնել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են։ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։