Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել», հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով. Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին հաստատակամ է, որ գարնանը սահմանադրական հանրաքվեն անպայման անցկացվի: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Հաջորդ շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քննարկումն անցել է իներտ, գրեթե ոչ մի բովանդակային հարց չի բարձրացվել։
Ի դեպ, ըստ տեղեկությունների, իրավաբանական հանրույթի մի շարք առաջատար դեմքեր ուղղակի չեն գնացել այդ քննարկմանը, չնայած հրավեր ստացել են, իսկ մի մասն ի սկզբանե մերժել է»,- գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ ԿԸՀ-ն արդեն իսկ որոշ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրաքվեի կազմակերպման հարցով։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: