ԱԱԾ-ն պարզել է, որ ՆԳՆ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն մի շարք անձանցից ապօրինի գործողություն կատարելու համար բազմաթիվ դրվագներով պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ:
Դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով, քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ՀՀ քաղաքացին հայտնել է, որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է Մարաշի անձնագրային խումբ, որտեղ նույն անձնագրային խմբի աշխատակից Ա.Ս-ն այն տրամադրելու դիմաց իրենից պահանջել է կաշառք-գումար:
Փետրվարի 10-ին իրականացված «Կաշառք ստանալու և տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում ՀՀ հիշյալ քաղաքացին, քիմիական համապատասխան միջոցներով նախապես մշակված կաշառք-գումարն անձամբ տվել է Ա.Ս-ին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել է ստացված կաշառք-գումարը, Ա.Ս-ն և Լ.Հ-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել։
Դատարանի որոշմամբ Լ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։