Կարբի համայնքում բնակարանային գողություն կատարելու ժամանակ հայտնաբերվել է գյուղի բնակիչը։ ՔԿ-ում Armenia Today-ի աղբյուրը հաստատեց, որ գողություն կատարողը պարեկային ոստիկանության աշխատակից է։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք դեպքի մանրամասներով։ Նա հաղորդեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում գյուղի բնակիչների օգնությամբ, ապա նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։ Անձը ձերբակալվել է»,- ասաց նա՝ հավելելով, որ նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն։
Ըստ News.am-ի տեղեկությունների՝ գողության մեջ կասկածվող անձին ցած են նետել 2-րդ հարկից։