Զորակոչիկին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ՊՆ պաշտոնատար անձը պահանջել և ստացել է 6 միլիոն դրամ կաշառք, պաշտոնյան և վերջինիս կաշառք տված անձը ձերբակալվել են, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Տավուշի մարզի բնակիչ Ա. Գ.-ն 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ Ս. Ա.-ի հետ: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Գ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար Ա. Գ.-ից պահանջել և 2023 թվականի ապրիլի 14-ին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք։ ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված Ա.Գ.-ն 27.07.2023 թվականին ձերբակալվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով), իսկ Ա. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՊՆ պաշտոնատար անձի՝ Ս. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է: Ա. Գ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 8 միլիոն ՀՀ դրամ գրավը»,- ասված է հաղորդագրության մեջ: