Ուկրաինացիներից կազմված հանցավոր խումբը ներթափանցել է ՀՀ-ում գործող բանկի սերվեր և բանկոմատներից շուրջ 128 մլն դրամ գումար հափշտակել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Գերատեսչությունը մանրամասնում է, որ 2016թ․ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ է դիմել հայաստանյան բանկերից մեկը՝ իր բանկոմատներից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության խնդրով: Պարզվել է, որ Ուկրաինայի երեք քաղաքացիներ կազմել են կայուն կազմակերպված հանցավոր խումբ, խմբի անդամների միջև հստակ դերաբաշխում կատարել և մանրակրկիտ պլանավորել հանցագործությունը:
«Վերջիններս, առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ և ապօրինի տիրացել համապատասխան աշխատակցին պատկանող մուտքանվանը և գաղտնաբառին, ապօրինի ներթափանցել մյուս աշխատակցի աշխատանքային համակարգիչ, որոշակի գործողություններից հետո ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով»,- հայտնում է ՔԿ-ն։
Արդյունքում՝ բանկոմատների աշխատանքի խափանման հետևանքով, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքելով հատուկ գաղտնաբառեր, նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112.521.000 ՀՀ դրամ:
Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ 33-ամյա տղամարդը և վերջինիս ծանոթը վերոհիշյալ հանցավոր խմբի անդամներից մեկից տեղեկացել են, որ կարող են Հայաստանում գումար աշխատել՝ էլեկտրոնային եղանակով բանկոմատներից գումար հափշտակելու եղանակով: Այդ նպատակով նրանք ժամանել են Հայաստան, խմբի նշված անդամից ստացել անհրաժեշտ բանկոմտաների հասցեները և, օգտվելով վնասաբեր համակարգչային հարուցիչի գործարկման հետևանքով բանկոմատների բնականոն աշխատանքի խափանման հանգամանքից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված բանկի թվով 3 բանկոմատներից, առանց որևէ տվյալներ մուտքագրելու, հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 16.070.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 33-ամյա ուկրաինացի տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Դատարանը մերժել է Կապանի քաղաքապետի եղբորը կալանավորելու միջնորդությունը․ ԶԼՄ
Դատարանը մերժել է Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով ձերբակալված ուսանող Հովհաննես Փարսյանին (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբայրը)...