Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողություններ կատարելու ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ, հայտնում է ՀՀ ՔԿ-ում։
Նշվում է, որ՝
39-ին՝ զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված),
4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված),
2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),
1-ին՝ բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս),
1-ին՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց շրջանառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի առաջին մաս),
1-ին՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մաս),
1-ին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված)։
Գերատեսչության փոխանցմամբ՝ դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, իսկ 34-ը դեռևս քննարկման փուլում են։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։
Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։ Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, բերման էր ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ինչպես նաև տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։
Կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ի բողոքի գործողությունների ընթացքում՝ վարչական իրավախախտումներ իրականացնելու համար, ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 98 անձ։