Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի 16 տարի անց «լավ պահվածքի» համար ազատ արձակումն առաջացրել է հասարակական զայրույթ, գրում է թուրքական Karar թերթը։ Թերթը գրում է՝ կրակողը բանտում դանակով հարձակում է գործել ու հարց ուղղում՝ «Սա՞ է լավ պահվածքը»։
Պարբերականը հիշեցնում է, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Սամասթի ցմահ ազատազրկման պատիժը կրճատվել է մինչև 21 տարի, քանի որ նա այդ ժամանակ 17 տարեկան էր։ 16 տարի բանտում մնացող Սամասթը 1 տարի «մոնիթորինգային» շրջանից հետո ազատ է արձակվել՝ «լավ վարքագծի» պատճառաբանությամբ։ «Սպանության համար դատապարվել են նաև Էրհան Թունջելը և Յասին Հայալը: Հայալի պայմանական ազատման ամսաթիվը 2047 թվականի հուլիսի 25-ն է: Թունջելի պայմանական ազատման ամսաթիվը 2040 թվականի հուլիսի 26-ն է։ Հայալի և Թունջելի պատիժների կատարումը շարունակվում է»,- հիշեցնում է թերթը։
Դինքի ընտանիքի փաստաբանը պնդմամբ՝ «Սամասթն ազատ է արձակվել հետագա կատարողական օրենքներով, այսինքն՝ գաղտնի համաներմամբ»։
«Որքանո՞վ կարող է լավ լինել մեկը, ով կատարել է նման դաժան սպանություն: Սամասթի հետ դրոշի դիմաց լուսանկարվողներին ու նրան դրդողներին հաջողվել է նրան փոսից հանել, երբ օրը եկավ»,- ընդգծում է հեղինակը:
Դինքի ընկերներն արձագանքել են Սամասթի ազատ արձակմանը՝ շեշտելով արդարություն չկա, խիղճ չկա՛։
Դինքի կինը՝ Ռաքել Դինքն անդրադարձել է նոյեմբերի 16-ին իր ամուսնուն սպանած հանցագործի ազատ արձակման որոշմանը: Նա թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (HEDEP) Վանի պատգամավոր Փերվին Բուլդանի հետ:
Նախ Բուլդանը հայտնել է, որ նրանք կիսում են Ռաքելի վիշտը, որից հետո էլ Դինքի կինն ասել էր. «Դու էլ ես նույն ցավերն ապրել: Այդ իսկ պատճառով մենք մեկս մյուսին կհասկանանք: Ես ամենից շատ տխրում եմ, որ նրանք մի գառ էլ մորթեցին (անմեղ մարդու-խմբ.): Ես ոչ մի կասկած չունեմ նրանում, որ դուք իմ կողքին եք, ես դա զգում եմ»:
Նոյեմբերի 16-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել: Հրապարակման մեջ նշված էր, որ Սամասթը պայմանական է ազատ արձակվել՝ կալանավայրում լավ վարք դրսևորելու համար: Նոյեմբերի 20-ին Սամասթին նոր մեղադրանք էր առաջադրվել. նա մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության համար հանցագործություն կատարելու» մեջ և նրան 7 ու կես տարուց մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Դեպքը տեղի էր ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին, երբ Սամասթը 17 տարեկան էր։ Նա ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը՝ հունվարի 20-ին, Սամսունի ավտոկայանում։ Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։