Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Դատական նիստը նախատեսված էր այսօր՝ ժամը 15։30-ին։
Հիշեցնենք, որ Մակինյանը մարտի 24-ին հայտնել էր, որ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, ավելի քան 1մլն դոլարի պետական միջոցների վատնման հարցով։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՔԾ–ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար` Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում), Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում), Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում),
Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում):