Նոր Սահմանադրության տեքստ և նոր հայեցակարգ այս պահին չկա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այսպես է պատասխանել Armenia Today-ի՝ երկրում սահմանադրական հանրաքվե անցկացնելու իր ծրագրերի մասին հարցին։
«Նոր Սահմանադրության վերաբերյալ նոր հայեցակարգ և տեքստ չկա, կա միայն քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ՝ իմ կողմից առաջարկվող հիմնավորումներով»,- ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի փետրվարին ստեղծվել էր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մշակման հանձնաժողով։
«Այդ հայեցակարգն արդեն պատրաստ է, բայց արդի չէ, իսկ նոր Սահմանադրության վերաբերյալ հայեցակարգ չկա»,- հավելել է Փաշինյանը։
Փաշինյանն Armenia Today-ի խնդրանքով պարզաբանել է նաև հանրաքվեի անցկացման ժամկետները։ Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի մասին իշխանությունները կհայտարարեն այն ժամանակ, երբ զգան, որ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է գործընթացից, և որ բովանդակությունն ինչ խնդիր է լուծելու։
«Իմ խնդիրն այս փուլում հասարակության հետ այս թեմայով խոսելն է»,- հավելել է նա:
Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։