ՀՀ ՊԵԿ-ն ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված ծանրոցում 1148 գրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոց է հայտնաբերել, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը կազմել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար: Իրավապահ մարմիններն օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում ծանրոցն առաքել են հասցեատիրոջը:
«Առաքանին ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից հասցվել է նշանակման վայր, որը դարանակալվել է։ Այդ ընթացքում տվյալ տարածք է մոտեցել քաղաքացի Հ․Փ․-ն, իսկ առաքանին ստանալու համար մոտեցել է Կ․Բ․-ն: Առաքանին ստանալուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է, իսկ մյուս քաղաքացին դիմել է փախուստի։ Նույն օրը նա հայտնաբերվել է Երևան քաղաքի սրճարաններից մեկում, որտեղից ևս երկու անձի հետ ձերբակալվել ու տեղափոխվել է ՄԴՊ վարչություն»,- մանրամասնում է ՊԵԿ-ը։
Վերջիններս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Գերատեսչությունը հայտնում է նաև, որ ձերբակալված անձանց բնակության հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա ձերբակալված անձանցից 2-ը կալանավորվել են։