Ոչ իրավաչափ ու հակաօրինական ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված գործիքակազմով, ասված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության հայտարարություններում՝ ուղղված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Շարժումը երրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ հավաքի։ Հունիսի 11-ին Ազգային ժողովի խորհուրդը մերժել էր կառավարության ու Փաշինյանի հրաժարականի պահանջով հունիսի 11-ին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ընդդիմության միջնորդությունը։ Նիստն օրենքի ուժով կայանալու է հունիսի 17-ին։
«ԱԱԾ-ն իր գործառույթի շրջանակներում հորդորում է շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- նշել են ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորել է զերծ մնալ «հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։
«Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակ պահելով Բաղրամյան պողոտան։