Քննչական կոմիտեն հայտնել է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում օգոստոսի 1-ին 12-ամյա երեխայի կյանք խլած պայթյունի մանրամասները։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով։
ՔԿ-ն պարզել է, որ պայթյունը տեղի է ունեցել տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։
ՆԳՆ փրկարար ծառայությունը պայթյունի մասին հայտնել էր օգոստոսի 1-ին՝ տեղեկացնելով, որ ահազանգը ստացել են ժամը 06:16-ին։ 12-ամյա Լ. Խ.-ի մարմինը փրկարարները դուրս էին բերել փլատակներից։