Արմավիրի մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակը մեղադրվում է սաներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։
Ըստ կայքի՝ 2023թ․ մայիսի սկզբին մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակ Նոնա Ի․-ին դասի ժամանակ անկարգություն կատարելու համար անկյուն է կանգնեցրել նախակրթարանի սաներից մեկին, այնուհետև կպչուն ժապավենով փակել է բերանը, որպեսզի չխոսի: Դրա հետևանքով երեխան ուշագնաց է եղել և հայտնվել հիվանդանոցում։
Նոնա Ի․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելն անչափահասի նկատմամբ։ Հոդվածով առավելագույն պատիժը երկու ամսով ազատազրկումն է) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնության դեպք էր գրանցել նաև Արարատի մարզում։ Հուլիսի 26-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում էր երեխային։ Ոստիկանները պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, բերման էր ենթարկել մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։