Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որից հետո ՄԻԵԴ-ը ՀՀ-ին խնդրել է դեպքի մասով փաստաթղթեր և հավելյալ տեղեկություններ տրամադրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Բադոյանը ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի մեջ նշել է, որ իր կալանքն ապօրինի է։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ի գիշերը, որին նախորդել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումը, Երևանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել, ծեծի էր ենթարկվել այդ ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցրած Միրզոյանը։ 2020-ի հունվարին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կալանավորվել են Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք։ Բադոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ հավաքելու և զանգվածային անկարգություններ կատարելու, Միրզոյանին հարվածներ հասցնելու համար: Բադոյանին 2023-ի օգոստոսին ազատ էին արձակել, 2023-ի նոյեմբերին կրկին կալանավորել էին։