Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների գործով նյութերը մոտ ժամանակներս կուղարկվեն դատարան, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի դատախազ Քամրան Ալիևին։
Նա հայտնել է «գործի նախաքննության ավարտի մասին»։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։